«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Առաջին հայերեն էլեկտրոնային գրքերը

Առաջին հայերեն էլեկտրոնային գրքերը
06.02.2013 | 13:03

Առցանց առևտրային Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում անցած տարվա նոյեմբերից վաճառվում են հայերեն էլեկտրոնային գրքեր, որոնք կարելի է կարդալ iOS և Android օպերացիոն համակարգ ունեցող սարքերով:

Նախաձեռնությունը պատկանում է ArmLib բլոգի և Armenian iBOOKS ֆեյսբուքյան խմբի հեղինակներ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԱՔՅԱՆԻՆ և ՄԱՐԱՏ ՅԱՎՐՈՒՄՅԱՆԻՆ: Էլեկտրոնային գրադարակն ընդգրկում է հայ դասականների և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: Գրքերի մի մասն անվճար է, մյուսների գները տատանվում են 2-6 դոլարի սահմաններում:
Նշենք, որ iBookStore և Google Play eBooks հարթակները շարունակում են փակ մնալ հայաստանյան շուկայի համար: iBookStore-ը Հայաստանում հասանելի դարձնելու համար նախաձեռնվել է ստորագրահավաք, որն այժմ 240-ից ավելի աջակից ունի:
Ինչո՞ւ պիտի ընթերցողը նախապատվությունը տա էլեկտրոնային գրքին, եթե կարող է նույն գրքերը գնել ու կարդալ «ավանդական» տարբերակով: Ավելի հարմա՞ր է, ավելի էժա՞ն, թե՞ ավելի «ժամանակակից»: Անդրադառնալով մեր այս հարցերին` Ռուբեն Միրաքյանը պատասխանեց, որ էլեկտրոնային տարբերակը շատ առումներով ավելի հարմար:
«Կարող ես տասնյակ-հարյուրավոր գրքեր ունենալ ձեռքիդ տակ, դրանք ձեռք բերելը վայրկյաններ է տևում,- նշեց նա:- Բացի այդ, էլեկտրոնային գրքերի համար տպագրություն ու թուղթ չեն պահանջվում, ինչը նաև բնապահպանական խնդիր է լուծում»:
Ի՞նչ կարժենան էլեկտրոնային գրքերը Հայաստանում: Մարատ Յավրումյանի խոսքով` այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ նշված երկու խոշոր հարթակները հասանելի չեն Հայաստանում: «Ամեն դեպքում, գները հարմարեցվելու են հայաստանյան շուկայի պահանջներին»,- ասաց նա:
Նշենք, որ սույն նախաձեռնությունը հայաստանյան ընթերցողի համար նույնպես առաջարկում է անվճար էլեկտրոնային գրքեր: Դրանք կարելի է գտնել ArmLib - http://armlib.blogspot.com/ և Յավրուհրատ http://yavrumyan.blogspot.com/p/ebook.html բլոգներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 11841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ